Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եվան» կինովարպետի աշխատանք է, ինչը արտահայտվում է յուրաքանչյուր կադրում»

«Եվան» կինովարպետի աշխատանք է, ինչը արտահայտվում է յուրաքանչյուր կադրում»
25.09.2017 | 11:47

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» խաղարկային ֆիլմը մեծ էկրաններին է: «Եվան» հայ-իրանական առաջին համատեղ աշխատանքն է: Իրադարձությունները տեղի են ունենում Արցախում:

Դերասանական կազմը հատընտիր է` սկսած ականի զոհ դարձած փոքրիկ Դավթից մինչև գլխավոր դերակատարուհին` Եվան: Մասնագիտությամբ վիրաբույժ Եվան ուսանող տարիներին առաջնագծում է եղել: Ավելի ուշ նրան Արցախ է բերում փախուստը սեփական ճակատագրից: Արցախի բարբառը, հետպատերազմյան գյուղական առօրյան յուրատեսակ կոլորիտ են հաղորդում ֆիլմին:


Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլք: Պրոդյուսերը՝ Թաղի Ալիղուլիզադեհն է, օպերատորը` Հասան Քարիմին: Կոմպոզիտորը ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ է: Նրա բնորոշմամբ` «Եվան» կինովարպետի աշխատանք է, ինչը արտահայտվում է յուրաքանչյուր կադրում, յուրաքանչյուր դերասանի խաղի մեջ, և գերխնդիրը բարդանում է, պետք է ֆիլմի համար գրված երաժշտությունը համապատասխանեցնի այդ բարձր նիշին:
ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կարծիքով` ֆիլմը շատ երկրներում ցուցադրվելով` պետք է ունենա հաջողություն նաև քաղաքական առումով:


Դերասանուհին շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին անսահման համբերության համար (միմյանց նկատմամբ դրսևորած), ռեժիսորին` իրեն դերը վստահելու համար: Հույս հայտնեց, որ իրենց զգացածը էկրանից կհաղորդվի հանդիսատեսին:
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց, որ այս կինոյի մեջ կա կռիվ, կա ազատագրական պայքար, և առաջին անգամ արծարծվելու է Արցախի անկախության հարցը. «Այստեղ արցախցին պատերազմից հետո սովորական, բնականոն կյանքով ապրում է, ստեղծագործում, որը արդյունք է մեր մինչ օրս շարունակվող պայքարի: Մենք պատերազմող երկիր ենք, այսքան հարևաններից միայն Իրանը ապացուցեց, որ կանգնած է մեր կողքին, մեր անկախության կողքին»:

Արցախում նկարահանված և ինչ-որ առումով Արցախի մասին պատմող ֆիլմը, ենթադրելի է, որ անտարբեր չի թողնի մեր հարևաններին: «Իրատեսը» հետաքրքրվեց` Ադրբեջանի կողմից որևէ արձագանք եղե՞լ է:


Անահիտ Աբադը հորդորեց քաղաքական հարթակ չտանել ֆիլմը, թողնել, որ բնական ճաապարհով ընթանա. «Դա մեր թեման չէ, չենք անդրադառնում դրան: Քաղաքականությունը ավելի ցածր, ավելի էժան խնդիր է, քան արվեստը, քան մարդկային փոխհարաբերությունները: Հետևաբար դա համարենք անցյալ, նայենք ապագային»:
Արցախյան լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին պատասխանելով` ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն ընդգծեց. «Ես խոսք չունեմ ասելու ադրբեջանցուն, ես խոսք ունեմ` հայ մարդուն»:
Եվ, իսկապես, ֆիլմը քաղաքական հնչերանգներ չունի: Արցախյան փոքրիկ գյուղում բարձրացվում են համամարդկային թեմաներ, կանացի դրամա, որ կարող է լինել յուրաքանչյուրինը: Ֆիլմում արդեն իսկ տեսնում ենք միևնույն պատմության կրկնությունը: Բայց երբ նույն ֆիլմում հանդիսատեսի համակրանքը շահած արցախցի փոքրիկ տղան ականի զոհ է դառնում և ֆիլմի հերոսը հարց է բարձրացնում` «ո՞վ է լինելու հաջորդը», դա կարող ենք համարել անցյալ կամ չհամարել: Կարող ենք քաղաքակացնել կամ չքաղաքականացնել: Սակայն փորձը ցույց է տալի, որ Արցախի մասին պատմող ցանկացած ֆիլմ ազերիների շրջանում հակահայկական հիստերիա է առաջացնում. քաղաքական հարթակ են տեղափոխում ոչ թե հայ լրագրողները, այլ ազերիները:


«Իրատեսը» հետաքրքրվեց նաև երկու երկրների արվեստագետերի համատեղ աշխատանքը տարաձայնությունների, դժվարությունների պատճառ չէ՞ր դառնում:
«Տարաձայնություն` ոչ, բայց դժվարություն կար, քանի որ ընկալումների տարբերություն կար, և դրա փորձը չկար: Բայց երբ սկսեցինք կինոյի լեզվով,
կինոյի չափորոշիչներով խոսել, արդեն իրար չհասկանալու խնդիր չկար:
Բարդություններից մեկը Արցախի բարբառն էր: Այդ ամենը շրջանցել ենք»,- ասաց Անահիտ Աբադը:

Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմը արտադրվել է իրանական կողմի զգալի ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ֆիլմը ցուցադրվել է Մոնրեալի փառատոնի մրցութային ծրագրում, Կաննում կազմակերպվել է կինոնկարի փակ ցուցադրությունը, ինչը արժանացել է կինոգետների դրական արձագանքին: Հաջորդիվ ցուցադրվելու է Իրանում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում: Արցախյան պրեմիերան կկայանա հոկտեմբերին:
Անահիտ Աբադը Իրանի լավագույն ռեժիսորներից է: Մի շարք կարճամետրաժ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է: «Եվան» նրա առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ